Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարաց նահանգի արևելյան հատվածն ու Այրարատ նահանգի Նիգ գավառի հյուսիսային տիրույթները։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող ԹումանյանիԳուգարքիՍպիտակիՍտեփանավանի և Կալինինոյի շրջանների միավորման հետևանքով՝ 1995 թվականի բարեփոխումների արդյունքում։

Լոռու մարզն ունի ցայտուն արտահայտված բնական սահմաններ։ Այն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանն ամբողջությամբ և հիմնականում ունի լեռնային ռելիեֆ՝ բարձրադիր լեռներ, անդնդախոր, երբեմն սուր կտրվածքով կիրճեր։ Նրա տարածքում են ձգվում ՋավախքիԲազումիՓամբակիԳուգարացՎիրահայոց և Հալաբի լեռնաշղթաները։ Առանձնանում են Լոռու,Փամբակի գոգավորությունները և Լոռվա ձորը։ Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից մինչև 1800 մետր բարձրության վրա։

Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Վանաձոր քաղաքը համարվում է Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքը՝ շուրջ 80 հազար բնակչությամբ։ Մյուս խոշոր բնակավայրերն են ԱլավերդինՍտեփանավանըՍպիտակըԹումանյանըԱխթալան և Տաշիրը։ Ըստ 2020 թվականի տարեսկզբի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 213․3 հազար մարդ, որի ճնշող մեծամասնությունը հայերն են, սակայն համեմատականորեն քիչ չեն նաև ազգային փոքրամասնությունների (ռուսականհունականեզդիականուկրաինական և այլն) համայնքները։

Լոռին Հայաստանի արդյունաբերական մարզերից է։ Այստեղ են գործում Հայաստանի տնտեսության արդյունաբերական ճյուղի անկյունաքարային նշանակություն ունեցող մի շարք օբյեկտներ։ Արդյունաբերության զարգացվածության ֆոնին ավելի քիչ զարգացած է գյուղատնտեսությունը։

Լոռին աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով, որի մասին վկայում են տասնյակ վանքերըբերդերը, ամրոցներն ու հուշակոթողները։ Պատմամշակութային ինքնատիպ հուշարձանների բազմազանությունը որոշակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, որ 10-12-րդ դարերում այստեղ գոյություն է ունեցել անկախ հայկական պետականություն՝ ի դեմս Լոռու կամ Տաշիր-Ձորագետի թագավորության։ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված օբյեկտներից երկուսը՝ Հաղպատի ու Սանահինի միջնադարյան վանական համալիրները գտնվում են Լոռու մարզում։